
«Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
«Սրբազան պայքարի» գործով անցնող մեղադրյալ Լիդյա Մանթաշյանը, կշարունակի մնալ կալանքի տակ ևս երեք ամիս։ Նման որոշում կայացրեց դատարանը՝ բավարարելով մեղադրող կողմի միջնորդությունը։
Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը նիստի ընթացքում միջնորդեց փոփոխել խափանման միջոցը՝ առաջարկելով 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Պաշտպանական կողմը նաև ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Ասպրամ Կրպեյանի, Լիլիթ Գալստյանի և Քրիստինե Վարդանյանի երաշխավորագրերը։ Սողոյանի խոսքով՝ մեղադրանքները հիմնավոր չեն, գործով վկաներից ոչ մեկը չի նշել Մանթաշյանի անունը, իսկ ներկայացված ապացույցները բավարար չեն։
Ինքը՝ Լիդյա Մանթաշյանը, դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի համարում։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը, այնուամենայնիվ, մերժեց պաշտպանական կողմի պահանջները և բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ կալանքը երկարացնելով երեք ամսով։ Դահլիճում այս որոշումը դժգոհությունների պատճառ դարձավ։
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և նրա համախոհների դեմ հարուցված քրեական վարույթին։ Գալստանյանը կալանավորվել էր հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը՝ հեղաշրջման գործի շրջանակում։