
«Սրբազան պայքարի» գործով կալանքները շարունակվում են․ դատարանը մի շարք նոր որոշումներ է կայացրել
«Սրբազան պայքարի» գործով անցնողների նկատմամբ դատարանը շարունակում է երկարաձգել կալանքի ժամկետները։ Վերջին օրերին կայացված որոշումներով ևս մի շարք մասնակիցներ մնացին կալանքի տակ։
Օգոստոսի 20-ին երեք ամսով երկարաձգվեց Լիդյա Մանթաշյանի կալանքը, հաջորդ օրը՝ Բագրատ սրբազանի, Վահագն Չախալյանի, Արթուր Սարգսյանի, Արման Իսրայելյանի և Արսեն Ղազարյանի։ Այսօր դատարանը նույն որոշումը կայացրեց նաև պատգամավոր Դավիթ Գալստյանի, գործարար Տիգրան Գալստյանի, Արթուր Սարգսյանի վարորդ Կարո Օկումուշյանի, ակտիվիստներ Մովսես Շարբաթյանի, Տիգրան Թոփալյանի և ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի նկատմամբ։
Միաժամանակ, ազատամարտիկ Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի խափանման միջոցը մեղմացվեց․ կալանքը փոխարինվեց տնային կալանքով և բացակայելու արգելքով։ Նրան թույլատրվեց նաև շաբաթական առնվազն երկու անգամ Պրոբացիայի ծառայության կամ ոստիկանության ուղեկցությամբ այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Ըստ Քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներն ու մասնակիցները ծրագրել էին ահաբեկչական գործողություններ և իշխանության զավթում։