
Լիլիթ Մակունցը այլևս ԱՄՆ-ի դեսպանը չէ․ ի՞նչ է հայտնի նոր դեսպանի մասին
Վաշինգտոնում անցկացվել է հրաժեշտի ընդունելություն Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Տեղեկությունը հրապարակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի ներկայացուցիչներ, Կանզասի Ազգային գվարդիայի անդամներ, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, պատվո հյուպատոսներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Մակունցը ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականին։ Վերջին շաբաթներին ակտիվորեն քննարկվում է նրա փոխարինողի անունը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ առաջատար թեկնածուներից է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նշենք, որ օգոստոսի վերջին լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Արսեն Թորոսյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին, ինչից հետո ավելի է հստակեցվել, որ Մակունցի պաշտոնը Վաշինգտոնում կստանձնի հենց Նարեկ Մկրտչյանը։