ՀայաստանՔաղաքականություն

Դատարանը բավարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանների երեք միջնորդությունները

Դատարանը ընդունել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական կողմի ներկայացրած երեք միջնորդությունները։

Առաջինով պաշտպանները պահանջել են ներգրավել փորձագետների՝ պարզելու համար՝ սրբազանի խոսքում առկա է հեղաշրջման կոչ, թե ոչ։ Երկրորդ միջնորդությամբ պահանջվել է հետազոտել 2023 թվականի սկավառակը, որտեղ Աջապահյանը խոսում է հեղաշրջման մասին։ Հարկ է նշել, որ այդ սկավառակում դեռ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը հանցակազմ չէր գտել։ Երրորդ միջնորդությունը վերաբերում էր այն հանգամանքին, որ Աջապահյանի կեցավայրում քննչական գործողությունների ժամանակ Շիրակի թեմի առաջնորդի լիազորված ներկայացուցիչը չի մասնակցել գործընթացին։

Այսօր դատարանը շարունակում է ապացույցների հետազոտությունը։

Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղադրանքի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության հարցազրույցն է, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Մինչդեռ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն հայտարարություններում հանցակազմ չէր գտել։ Դատախազությունը պնդում է, որ նույն բովանդակությամբ հայտարարություն արքեպիսկոպոսը կրկնել է նաև 2025-ի հունիսին։

Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է տուգանքից մինչև հինգ տարվա ազատազրկում։