ՀայաստանՔաղաքականություն

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը մերժվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 27-ին, մեկնարկեց հասարակական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի գործով դատավարությունը։ Նիստը վարում էր դատավոր Դավիթ Աղրամանյանը։

Պաշտպանական կողմը ներկայացրեց միջնորդություն՝ պահանջելով դադարեցնել Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել վարույթը։ Փաստաբանները հիմնավորեցին, որ գործը սկսվել է «օրենքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկությունների հիման վրա», իսկ Հակոբյանի խոսքում իշխանությունը զավթելու կոչեր չկան։

Դատախազությունը հակադարձեց՝ պնդելով, որ Հակոբյանի հայտարարություններում կային նման տարրեր։ Ընդմիջումից հետո դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը։

Հիշեցնենք՝ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հուլիսի 1-ին Հ2 հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդաշարի ընթացքում հրապարակային կոչ է արել «իշխանությունը զավթելու» վերաբերյալ։ Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է հենց այդ հարցազրույցից հետո։

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել էր հուլիսի 18-ին և հաջորդ օրը՝ հուլիսի 19-ին, կալանավորվել երկու ամսով։ ԱԺ նախկին պատգամավորը հուլիսի 22-ին կալանավայրից նամակ էր հղել՝ հայտարարելով, որ չի զղջում իր տված քաղաքական գնահատականների համար և դրանք համարում է իր համոզմունքի արտահայտություն։