
Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո ՀԷՑ-ից հեռացվել է 45-50 աշխատակից
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի խոսքով՝ Ռոմանոս Պետրոսյանի ղեկավար նշանակվելուց հետո ընկերությունից հեռացվել է շուրջ 45-50 աշխատակից։ Այս մասին նա հայտարարեց օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ղազինյանը նշեց, որ հեռացվածների թվում մեծամասամբ ղեկավար պաշտոնյաներ են։ Նրա գնահատմամբ՝ թվով այդքան շատ չլինելով հանդերձ, նման փոփոխությունը լուրջ հետևանքներ է թողնում կառավարման համակարգի վրա։
Կան աշխատակիցներ, որոնք դիմում են գրել տարբեր ճնշումների տակ։ Իմ համոզմամբ՝ նրանք ևս պետք է համարվեն հեռացված, քանի որ պարզապես չեն դիմացել ճնշումներին ու նախընտրել են հեռանալ,– ասաց նա։
Նախկին պաշտոնակատարը վստահ է, որ գործընթացը պայմանավորված է քաղաքական նկատառումներով․
Այսպես գլխատում են ՀԷՑ-ը։ Նպատակը քաղաքական այլ հայացքներ ունեցողներից ազատվելն է։ Պետական մարմինները, կարծում եմ, վախենում են համապատասխան սուբյեկտից՝ հաշվի առնելով, որ նա իր պաշտոնը չի թողել։ Ինքը շատ ազատ ասում է աշխատակիցներին՝ ничего личного, դու պետք է դուրս գաս, որովհետև քաղաքական այլ հայացքներ ունես։
Ղազինյանը նաև տեղեկացրեց, որ իր աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ դիմել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
Հիշեցնենք, որ հուլիսին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։