ՀայաստանՔաղաքականություն

Դատախազը պահանջում է մեղավոր ճանաչել Միքայել սրբազանին

Դատարանում շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գործով քննությունը։ Դատախազ Վահան Հարությունյանը դատարանին կոչ է արել նրան մեղավոր ճանաչել։

Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Խոսքը վերաբերում է իշխանության զավթմանը, սահմանադրական կարգի տապալմանը կամ տարածքային ամբողջականությանը վտանգող հրապարակային կոչերին։ Այս հոդվածով նախատեսված է տուգանք, հանրային աշխատանք, ազատության սահմանափակում կամ ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով։

Այսօրվա դատական նիստը կես ժամով հետաձգվեց, որպեսզի սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայանա։ Գործի քննությունը բավական արագ է ընթացել։ Միքայել սրբազանը ձերբակալվել էր հունիսի 28-ին, իսկ առաջին դատական նիստը նշանակվել էր օգոստոսի 15-ին։ Դատարանը ընդամենը 13 օրում ավարտին հասցրեց հիմնական լսումները, որոնք ավարտվեցին օգոստոսի 25-ին։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին պետության և եկեղեցու հարաբերություններում լարվածություն կա։ Մայիսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում կտրուկ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ դրանք անվանելով «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2-ին վարչապետը նաև հայտարարեց, որ եթե պարզվի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ունի զավակ, ապա նա չի կարող մնալ կաթողիկոսի գահին։

Ի պատասխան՝ Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին զգուշացրեց, որ իշխանությունների հակաեկեղեցական արշավը լրջագույն վտանգ է ստեղծում երկրի ներքին կայունության և ազգային միասնականության համար։

Լարվածությունը սրվեց հունիսի վերջին։ Հունիսի 25-ին կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, իսկ երկու օր անց Ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակ՝ ձերբակալելու Միքայել Աջապահյանին։ Վերջինս, սակայն, ինքնակամ ներկայացավ Քննչական կոմիտե և հաջորդ օրը կալանավորվեց։ Այժմ դատարանը մոտ է վերջնական վճռին։