
Նիկոլ Փաշինյանը ազատեց պաշտոնից միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանը այլևս չի ղեկավարի վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։ Վարչապետը պաշտոնանկության մասին որոշումը ստորագրել է այսօր։
Այս քայլը տեղի ունեցավ մի քանի օր տևած լարվածության ֆոնին։ Նշենք, որ օգոստոսի 15-ին Դրմեյանի ղեկավարած գրասենյակը պաշտոնապես հայտարարեց․ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի որոշումները Հայաստանի համար պարտադիր կատարման ենթակա են։ Հենց դա էլ կարծես դարձավ սուր հակասության պատճառը։
Հիշեցնենք՝ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքը վերջերս արբիտրաժում հաղթել էր Հայաստանի կառավարության դեմ։ Դրան արձագանքելով՝ կառավարությունը շեշտեց, որ նման որոշումները պետք է դիտարկել ոչ միայն միջազգային իրավունքի, այլև ՀՀ օրենսդրության ու միջազգային պայմանագրերի համատեքստում։
Երեկ կառավարության նիստից հետո Փաշինյանը լրագրողների հետ կարճ զրույցում ավելի կոշտ ձևակերպում օգտագործեց․
Կառավարությունը ես եմ։ Չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Եթե կան մարդիկ, ովքեր հակառակ կարծիք ունեն, թող դիմում գրեն ու հեռանան։ Եթե չլքեն՝ ես եմ հեռացնելու։
Արդյունքում՝ առաջին լուրջ հետևանքը Դրմեյանի ազատումն էր։