
«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, նախաձեռնում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Այս մասին տեղեկություններ են տարածվել մամուլում։
Ընդդիմադիրները դատախազին մեղադրում են սահմանադրական լիազորությունների խախտման, քաղաքական չեզոքության բացակայության և ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելու մեջ։ Նրանց խոսքով՝ դատախազը բազմիցս խորհրդարան է ներկայացրել ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ, սակայն գործերի մեծ մասը դատարան չի հասել՝ վկայելով դրանց քաղաքական բնույթի և դատարկության մասին։
Խմբակցությունում արդեն ընթանում են անհրաժեշտ իրավական նախապատրաստական աշխատանքները։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրությամբ գլխավոր դատախազին պաշտոնանկ անել կարող է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի կողմ ձայնով։