
Արմեն Աշոտյանը լուռ բողոքի ակցիա է իրականացնում ԵՄ պատվիրակության շենքի մոտ
Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը օգոստոսի 30-ին միայնակ լուռ բողոքի ակցիա է սկսել Հայաստանում Եվրամիության պատվիրակության շենքի մոտ։ Նա կանգնած է դարպասների մոտ՝ իր վրա կրելով երկու մեծ պաստառ, որոնցով պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին։ Աշոտյանի ձեռքերը ձեռնաշղթաներով ամրացված են դարպասների ճաղերին։
Մինչ ակցիան սկսելը քաղաքական գործիչը հրապարակել է տեսանյութ, որտեղ նշել է իր քայլի նպատակները։ Նրա խոսքով՝ ակցիան նվիրված է Երևանում և Բաքվում պահվող հայ ռազմագերիների, պատանդների ու քաղաքական բանտարկյալների ազատությանը։
Աշոտյանը հայտարարում է, որ լռությամբ է բողոքում, քանի որ ամեն ինչ արդեն ասված է։ Նրա խոսքով՝ այս կերպ ցանկանում է ցույց տալ, որ պայքարը կարող է լինել ոչ թե բազմամարդ հավաքների, այլ յուրաքանչյուրի անձնական քայլի միջոցով։
Քաղաքական գործիչը քննադատել է Եվրամիությանը՝ ընդգծելով, որ այն բավարար ճնշում չի գործադրում ո՛չ Բաքվի, ո՛չ էլ Երևանի իշխանությունների վրա, որպեսզի հայ գերիները վերադառնան տուն։
Ինչու՞ ԵՄ դեսպանատան մոտ, որովհետև այն արժեքները որոնք քարոզվել և ներկայացվել են որպես ոչ միայն եվրոպական, այլ նաև համամարդկային արժեքներ՝ այսօր ոտնահարվում են, անտեսվում են հենց այն կառույցի կողմից, որ այդ արժեքների ենթադրաբար հիմնական կրողը պետք է լիներ։
Ակցիան նա նվիրել է նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին, որը ծննդյան օրը նշում է Բաքվի բանտում։
Ակցիան տևելու է 1 ժամ: