
Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Անդրեասյանին Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ նշանակելու մասին։
Պաշտոնը թափուր էր այս տարվա մարտից, երբ Եղիշե Կիրակոսյանը հրաժարական տվեց՝ հայտնելով, որ ցանկանում է կենտրոնանալ գիտական ու մասնագիտական գործունեության վրա։
Կարեն Անդրեասյանը տարբեր տարիներին զբաղեցրել է պետական կարևոր պաշտոններ․ 2011-2016 թվականներին եղել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, 2021–2022 թվականներին՝ արդարադատության նախարար։ Մինչ նոր նշանակումը նա գլխավորում էր Բարձրագույն դատական խորհուրդը, սակայն 2024-ի նոյեմբերին հրաժարական տվեց։ Վարչապետը նախկինում պարզաբանել է, որ Անդրեասյանին խնդրել են հրաժարական տալ հեռախոսային հաղորդագրությամբ, և որ այն տեղի է ունեցել առանց պարտադրանքի կամ հորդորի։ Այդ հայտարարությունից հետո կարծես փոխվել էին իշխող ուժի և Կարեն Անդրեասյանի հարաբերությունները, ով հրաժարականի դիմում ներկայացնելիս շեշտել էր, որ «դատական համակարգը դուրս է բերել խայտառակ ճգնաժամից․ ներսի մարդիկ դա հաստատ գիտեն ու երևի կընդունեն»։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը ներկայացնում է Հայաստանի շահերը միջազգային դատարաններում և արբիտրաժներում։