
Երևանի նախկին քաղաքապետը և պաշտոնատար այլ անձինք մեղադրվում են հողեր յուրացնելու և փողերի լվացման մեջ
ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, մի շարք պաշտոնատար անձանց աջակցությամբ, Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող թիվ 185 հանրակրթական դպրոցին հատկացված հողատարածքից 1939 քմ առանձնացրել, բաժանել մի քանի մասերի և ձևական աճուրդների միջոցով օտարել իրենց հետ փոխկապակցված անձանց։ Հետագայում ձևական առուվաճառքի և նվիրատվության պայմանագրերի միջոցով դրանք դարձրել են իրենց կամ մերձավորների սեփականությունը, ինչից էական վնաս է հասցվել պետությանը և համայնքին։
Նախաքննությամբ պարզվել է, որ նախկին քաղաքապետը նմանատիպ գործողություններ է կատարել նաև Երևանի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող թիվ 16 հատուկ դպրոցի և Ավանեսով փողոցի 12 հասցեում գտնվող թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատության հողամասերի հետ, որոնք նույնպես ձևական աճուրդի և փողերի լվացման միջոցով փոխանցվել են մտերիմներին։ Խոսքը ավելի քան 5000 քմ հողատարածքի մասին է։
Նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պետական կամ համայնքային սեփականության յուրացում, պաշտոնական լիազորությունների չարաշահում և փողերի լվացում։ 16 անձի վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Խափանման միջոցների առումով հինգի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և գրավ, երեքի դեպքում՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք, իսկ մնացածների դեպքում՝ տարբեր համակցված միջոցներ։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեռ մարտի 12-ին միջնորդել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Տարոն Մարգարյանը և Հովիկ Աղազարյանը զրկվեն անձեռնմխելիությունից։ Արդեն մարտի 27-ին երկու պատգամավորները զրկվել էին անձեռնմխելիությունից և նրանց նկատմամբ քրեեական հետապնդում էր հարուցվել Տարոն Մարգարյանը ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ է։