
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը երկարաձգվեց
Սեպտեմբերի 2-ին Երևանում՝ Ավանի նստավայրում, տեղի ունեցավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշեց մեկ ամսով երկարաձգել նրա կալանքը։
Նիստի ընթացքում Աջապահյանը հայտարարեց, որ ինքն ազատ է և որևէ մեկից ազատություն չի խնդրում։ Նա նաև ընդգծեց, որ մեղադրող կողմի խոսքերը իր ինտելեկտը խոշտանգում են և քննադատեց դատական գործընթացը։ Նա նաև նշեց, որ այն խուցը, որտեղ իրեն պահում են «խոզանոց» և «շնանոց» է։
Պաշտպաններն առաջարկեցին փոխել խափանման միջոց կալանքը, օրինակ` սահմանափակել Աջապահյանի շփումը լրագրողների հետ, սակայն Միքայել սրբազանի գործով դատախազ Վահան Հարությունյանը պահանջեց մեկ ամսով երկարաձգել կալանքը։
Նշենք, որ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ձերբակալվել է հունիսի 28-ին։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։