ՀայաստանՔաղաքականություն

ՀՀ կառավարությունը փոխեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» գործով միջազգային փաստաբանին

ՀՀ կառավարությունը որոշեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության սեփականատերերի հայցից պաշտպանվելու համար փոխել ԱՄՆ-ում ներգրավված փաստաբանական ընկերությանը։ Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 4-ի նիստի ժամանակ։

Նախկինում՝ օգոստոսի 21-ին, կառավարությունը նախատեսել էր 3.250.000 ԱՄՆ դոլար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ «Arnold & Porter» իրավաբանական ընկերությանը ներգրավելու համար։ Այսօր ընդունված որոշմամբ «Arnold & Porter»-ը փոխարինվեց «Foley Hoag LLP» ընկերությամբ։

Կառավարությունը նշել է, որ որոշումը պայմանավորված է նոր հանգամանքներով և հնարավոր շահերի բախմամբ, որոնք խոչընդոտում էին նախկին ընկերության հետ համագործակցությանը՝ հաշվի առնելով պետական անվտանգությունը և միջազգային այլ ընթացիկ իրավական գործընթացները։

Կառավարությունից նաև տեղեկացվել է, որ «Foley Hoag LLP»-ի առաջարկը որակապես չի զիջում նախորդ առաջարկին, ընկերությունն արդեն ներգրավված է մի շարք միջազգային գործընթացներում և համարվում է վստահելի գործընկեր։ Բացի այդ, նոր փաստաբանը համաձայնել է ծառայություններ մատուցել նույն արժեքով, ինչ նախկինը։

Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը օգոստոսի 11-ին պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ էին նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Արբիտրաժային գործը սկիզբ է առել 2024 թվականի հունիսի 30-ին՝ «Liormand Holdings Limited»-ի կողմից միջազգային ներդրումային վեճի ծանուցում ներկայացնելուց հետո։

«Arnold & Porter» ընկերությունը 56 դրական արդյունք է գրանցել 57 գործերից՝ ապահովելով 98.2% հաջողության տոկոս: Ընկերությունը ընդգրկվել է Global Arbitration Review-ի 2025 թվականի «GAR 100» ցուցակում՝ որպես աշխարհի առաջատար միջազգային արբիտրաժային ընկերություններից մեկը:

Global Arbitration Review-ը ճանաչել է «Foley Hoag»-ը որպես աշխարհի լավագույն 30 մասնագիտացված միջազգային արբիտրաժային ընկերություններից մեկը։

 Նշենք, որ օգոստոսի 15-ին միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի ղեկավարած գրասենյակը պաշտոնապես հայտարարեց․ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի որոշումները Հայաստանի համար պարտադիր կատարման ենթակա են։ Հենց դա էլ կարծես դարձավ սուր հակասության պատճառը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց՝ «կառավարությունը ես եմ և չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ» և ազատեց Դրմեյանին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ հայտարարել էր, որ «Հայաստանը կամավոր տարբերակով հրաժարվել է ՀԷՑ-ի վերաբերյալ Արբիտրաժի որոշումը կատարել, կա մեխանիզմ հարկադրաբար կատարելու այն և կա` չկատարելու մեխանիզմ»։