
Արաբկիրը մեկ ամիս անց նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 8-ին կայացած խորհրդակցության ժամանակ մի քանի նշանակումների մասին հայտարարեց։ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վիլեն Արևշատյանը։ Քաղաքապետի նոր խորհրդական դարձավ Արման Լազարյանը։ Իսկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը վստահվեց Սուրեն Վարոսյանին։
Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը օգոստոսի 8-ին հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում՝ ընդգծելով, որ այս պաշտոնում աշխատած տարիներին իր թիմի հետ միասին իրականացրել է մի շարք ծրագրեր՝ բակերի, այգիների և ճանապարհների բարեկարգումից մինչև մանկապարտեզների հիմնանորոգում։
Ազատյանը շուրջ մեկ տարի կալանքի տակ էր։ Վերջին ամիսներին նրա նկատմամբ կիրառվել են գրավ, վարչական հսկողություն և երկիրը լքելու արգելք։ Մինչ այդ՝ ավելի քան 20 օր, նա եղել է տնային կալանքի տակ։ Ազատյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և կաշառք ստանալու համար, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Նա հրաժարական էր ներկայացրել ընդամենը օրեր անց այն բանից հետո, երբ վերադարձավ աշխատանքի։
Նշենք նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունները սովորականից շատ են։ Մասնավորապես՝ մայրաքաղաքի 12 թաղապետերից արդեն երեքը հեռացել են իրենց պաշտոններից՝ քրեական գործերի պատճառով։