ՀայաստանՔաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի դատական գործն ավարտվեց․ նա արդարացվեց

Դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ գրեթե հինգ տարի տևած դատական գործն ավարտվեց։ Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը, և այսպիսով Գրիգորյանի արդարացման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։

Դավիթ Գրիգորյանի անունը հասարակությունը հիշում է հատկապես 2019 թվականից։ Նա այն դատավորն էր, որ ժամանակին որոշեց անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ավելի ուշ նա գործը կասեցրեց և ուղարկեց Սահմանադրական դատարան։ Հենց այդ որոշումներից հետո էլ Գրիգորյանի դեմ սկսվեց քրեական հետապնդում․ նրան մեղադրեցին պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Գրիգորյանը միշտ պնդել էր, որ իր դեմ մեղադրանքները քաղաքական են և որևէ ապացույց չունեն։ Տարիներ շարունակ գործը տեղափոխվեց տարբեր դատարաններ՝ առաջին ատյանից մինչև Հակակոռուպցիոն դատարան։ Վերջապես, բոլոր ատյանները հաստատեցին՝ դատավոր Գրիգորյանը և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանը պետք է արդարացվեն։

Այս որոշմամբ պարզ դարձավ նաև, որ դեռևս 2020-ին կայացված առաջին արդարացման վճիռը եղել է օրինական, սակայն գործի քննությունը շարունակվեց ևս հինգ տարի՝ իրավապահների ճնշման ներքո։

Այժմ Դավիթ Գրիգորյանը, օրենսդրական կարգավորումների համաձայն, այլևս չի վերադառնա դատավորի աթոռին, այլ կստանա «ռեզերվային դատավորի» կարգավիճակ։