
Ինչպե՞ս է փոխվել Նիկոլ Փաշինյանի խոսույթը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, կոշտ հայտարարությամբ անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ նշելով, որ այն երբեք չի ծառայել Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Փաշինյանի խոսքով՝ խմբի իրական նպատակը եղել է հակառակը՝ խնդիրն անընդհատ խորացնել և այն դարձնել գործիք Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի վրա ազդեցություն գործելու համար։
Եթե հետահայաց նայենք, Մինսկի խմբի աշխատանքում որևէ օգտակար բան չենք տեսնում։ Այն կառուցվել էր ոչ թե լուծումներ տալու, այլ Հայաստանի ու տարածաշրջանի վրա վերահսկողություն հաստատելու համար։ Մեր երկիրը պահում էին մի վիճակում, որտեղ անկախությունն ու ինքնիշխանությունը մշտապես վտանգված էին,– ասաց վարչապետը։
Նա ընդգծեց, որ Ղարաբաղի հարցը, ըստ էության, վաղուց լուծված էր, բայց այդ մասին Հայաստանին ոչ ոք չէր ասել։
Օրակարգում իրականում Հայաստանի հարցն էր։ Արդյունքում մենք պետք է կանգնեինք տարածքային ամբողջականության մասնատման և ինքնիշխանության կորստի վտանգի առաջ։ Մինսկի խմբի ձևաչափով բոլոր բանակցությունները հենց այդ կախվածությունները մեծացնելու համար էին կազմակերպվում,– նշեց Փաշինյանը։
Հետաքրքիր է Հայաստանի վարչապետի խոսույթը ԵԱՀԿ ՄԽ-ի վերաբերյալ վերջին տարիներին։ Օրինակ, 2021 թվականի օգոստոսի 18-ի Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը նշել էր, որ ԵԱՀԿ-ի դերը էական է ԼՂՀ հստակեցման գործում։ Հաջորդ տարի՝ հունիսի 16-ին, Նիկոլ Փաշինյանը ընդունել էր ԵԱՀԿ ԽՎ նախագահին ու ներկայացրել էր ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը։ Վարչապետը այդ ժամանակ կարևորել էր ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Վարչապետի խոսույթը Մինսկի խմբի վերաբերյալ փոխվեց 2023 թվականին, հատկապես Արցախից բռնի տեղահանումից հետո։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը: