ՀայաստանՔաղաքականություն

Անկախության հռչակագրի ճակատագիրը անորոշ է․ կառավարությունը շարունակում է լռել

ՀՀ Անկախության հռչակագրի փոփոխության հարցը այս փուլում դուրս է մնացել սահմանադրական բարեփոխումների օրակարգից։ Կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ խորհրդին ուղարկված նոր փաթեթում նման դրույթ չկա։ Նա հավելեց, որ եթե երբևէ այդ հարցը մտնի օրակարգ, հանրային իրազեկում անպայման կարվի։

Միևնույն ժամանակ, նախարարը խուսափեց Անկախության հռչակագրի վերաբերյալ անձնական դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, որ յուրաքանչյուր մասնագետ կարող է ունենալ իր կարծիքը։ Այս մոտեցումը կարելի է դիտարկել որպես զգուշավորություն այն պայմաններում, երբ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում մարտին հայտարարել էր, որ նոր Սահմանադրության մեջ հղում Անկախության հռչակագրին չպետք է լինի։

Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումների նոր փաթեթին, Գալյանը տեղեկացրեց, որ այն արդեն ուղարկվել է խորհրդի անդամներին, և նախատեսվում է հաջորդ շաբաթ կազմակերպել նիստ, եթե ընտրված օրը հարմար լինի անդամների մեծամասնությանը։ Նախարարի խոսքով՝ խորհրդի աշխատանքները առաջիկայում ավելի ինտենսիվ կդառնան, որպեսզի նախագծի վերջնական տեքստը պատրաստ լինի նշված ժամկետում։

Հիշեցնենք, որ 2025-ի մարտին Փաշինյանը հայտարարել էր՝ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2027-ին, իսկ որպես այլընտրանք քննարկվում է այն 2026-ի խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ անցկացնելու տարբերակը։ Վարչապետի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունը Հայաստանի ներքին քաղաքականության հարց է, սակայն այն անխուսափելիորեն կունենա տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։

Այս համատեքստում Ադրբեջանը շարունակ պնդում է, որ Հայաստանի գործող Սահմանադրության մեջ առկա են դրույթներ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Հենց այդ պահանջների ֆոնին է իշխանությունը նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ խոստանալով ունենալ պատրաստի տեքստ առաջիկա տարիներին։