Գյումրիի քաղաքապետի որդին կմնա տնային կալանքի տակ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ղուկասյանին երկու ամսով կալանավորելու պահանջով։ Այս մասին Amnews-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Սպարտակ Ղուկասյանը սեպտեմբերի 11-ի առավոտյան էր ձերբակալվել, նրան մեղադրանք է առաջադրվել հարկադրանքի եղանակով շորթման համար: Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցածի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ 2 հոդվածներով։
Մասնավորապես, վարույթները նախաձեռնվել են Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Կատարվում է նախաքննություն։
Նույն օրը հրավիրած ասուլիսի ժամանակ Վարդան Ղուկասյանը պնդեց, որ քրեական վարույթի մասին նոր են իմացել, չգիտի՝ քննիչները ումից ինչ շորթելու համար են կասկածում որդուն:
Սակայն սա Ղուկասյանների ընտանիքի հետ կապված միակ սկանդալը չէ։ 2021 թվականի ամռանը Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի գույքի բռնագանձման և պաշտոնական կեղծիք կատարելու 38 դրվագներով։ Նրան պատկանող 24 գույք կալանքի տակ էր դրվել։ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում նույն գործով նրա որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու որոշում էր կայացվել։
Հիշեցնենք, որ ապօրինի գույքի բռնագանձման մեղադրանքով անցնում է նաև Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Բալասանյանը մեղադրվում է «Սև բերդ» արգելոցի տարածքում գտնվող պետական հողերը անօրինական կերպով օտարելու մեջ։
