«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ է ներկայացրել
Ազգային ժողովում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը պաշտոնապես մտադիր է անվստահություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտարարության նախագիծ, որով գործընկերներին կոչ է արվում արդեն ընթացք տալ իշխանափոխության ձևաչափին։
Նախագիծը ենթադրում է, որ գործող կառավարությունը հեռացել է իր նախապես ներկայացրած ծրագրից, չի կարողացել արդյունավետորեն պատասխանել երկրին հարող մարտահրավերներին և հաճախ նոր սպառնալիքներ է ստեղծել։ Ըստ նրանց գնահատականի՝ այս քաղաքականությունը «աղետալի հետևանքներ» է ունեցել ազգային անվտանգության, պետական ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ–տնտեսական ու մարդկանց կյանքի բազմաթիվ ոլորտներում և վտանգում է երկրի ապագան։
Ի՞նչ քայլեր են պլանավորվում՝ ըստ նախաձեռնողների․
— Նախ՝ կոնսոլիդացիա՝ պատգամավորների միավորման նախաձեռնություն։
— Հետո՝ անցումային՝ ազգային միասնության կառավարություն կազմելու առաջարկ։
Խմբակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին միանալ այս գործընթացին՝ այն որակելով «ամենաիրատեսական ճանապարհը»՝ հնարավոր աղետներից խուսափելու համար։ Հետաքրքիր է, որ այս տարվա ապրիլի 28-ին ընդդիմադիր ակտիվիստներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը 107 նամակ էին ուղարկել շպատգամավորներին՝ առաջարկելով իմպիչմենտի գործընթաց սկսել, իսկ մայիսին «Հայաստան» խմբակցությունը հայտնեց, որ պատրաստ է միանալ, եթե ապահովվի պակասող ստորագրությունները։ «Պատիվ ունեմ»-ը նախ հայտարարել էր, որ վարչապետի թեկնածու դեռ չունի, սակայն հունիսի 7-ին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին ընտրեցին որպես վարչապետի թեկնածու։
Հատկանշական է, որ ընդդիմադիր երկու դաշինքների՝ «Հայաստանի» ու «Պատիվ ունեմի» մեջ կան հակասություններ։ Օրինակ, երբ «Պատիվ ունեմը» հայտարարեց իմպիչմենթի գործընթացի մասին, «Հայաստանից» արձագանքեցին՝ նշելով, որ լուրջ գործընթաց չեն համարում։ «Հայաստան» դաշինքը դեռևս Մամիջանյանի հայտարարությանը չի արձագանքել, սակայն «Հայաստան» դաշինքը չի ցանկանում միանալ գործընթացին, քանի դեռ չկան համապատասխան ստորագրություններ։ Իմպիչմենթի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ որոշումն ընդունելու համար՝ առնվազն 54 կողմ ձայն: Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվն ունեմն» ունի ընդամենը 6 պատգամավոր, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստանը՝ 28: Ստացվում է՝ երկու ընդդիմադիր խմբակցություններին հարկավոր է ունենալ նաև Փաշինյանի թիմակիցների քվեն: Սակայն իշխանականներն մի քանի անգամ շեշտել են՝ իրենց շարքերից իմպիչմենթի գործընթացին միացող չի լինի:
Այս պայմաններում ինչպե՞ս է «Պատիվ ունեմը» պատրաստվում անվստահություն հայտնել վարչապետին, երբ «Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է միանալ իրենց այդ նախաձեռնությանը, և արդյո՞ք սա նույն փակուղին չէ: Անգամ եթե անվստահությունը հաջողվի, անցումային կառավարության ձևավորումը նույնպես բարդ օրակարգ է. ո՞վ է փոխարինողը, ի՞նչ ծրագիր կձևակերպվի և այլն։
Փաշինյանի իմպիչմենթի մի գործընթաց էլ նախաձեռնել էր իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրելով «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանին: Այս նախաձեռնությունը տապալվեց, ընդդիմադիրները չմիացան:
