
Հայաստանը դարձել է Մշտական արբիտրաժային դատարանի անդամ․ Ադրբեջանը այնտեղ երկու հայց ունի Հայաստանի դեմ
Հայաստանը դարձել է Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցող 125-րդ երկիրը՝ միանալով 1899 և 1907 թվականներին Հաագայում կնքված Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին։ Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 18-ին Հաագայի «Խաղաղության պալատում» տեղի է ունեցել ՀՀ անդամակցությանը նվիրված միջոցառում, որին մասնակցել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ազգային աթոռի բացման արարողությունը։ Յուրաքանչյուր ազգային աթոռ կրում է անդամ պետության զինանշանը և խորհրդանշում է պետության ինքնիշխանությունը և Մշտական արբիտրաժային դատարանի կառավարման գործում նրա կենտրոնական դերը։
Միրզոյանի խոսքով՝ անդամակցությունը մասնակիորեն արտացոլում է Հայաստանի ազգային փորձն ու քաղաքական տեսլականը, որտեղ վեճերը լուծվում են անաչառ մեխանիզմներով, իսկ իրավունքը գերակայում է ուժին։ Նա հավելել է, որ Մշտական արբիտրաժային դատարանը ծառայելու է որպես հարթակ՝ միջազգային իրավական նորմերի պահպանության և համագործակցության խթանման համար։
Դատարանի վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատար Յուրայ Պոդբորսկին նշել է, որ Հայաստանի կողմից հիմնադիր կոնվենցիաների վավերացումը ցույց է տալիս երկրի կարևորությունը բազմակողմ քաղաքականության և վեճերի խաղաղ կարգավորման ոլորտում։
Հաագայի մշտական արբիտրաժային դատարանում ներկայումս ընթանում են երկու միջպետական գործեր, որոնք Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանի դեմ։ Այս գործերը վերաբերում են շրջակա միջավայրի պահպանությանը և էներգետիկ ռեսուրսների օգտագործմանը։
Առաջին հայցը ներկայացվել է 2023 թվականի հունվարին՝ Վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում իրականացրել է անտառահատումներ, հանքարդյունաբերություն և հիդրոէլեկտրակայանների կառուցում, ինչը հանգեցրել է շրջակա միջավայրի և կենսաբազմազանության զանգվածային ոչնչացման։
Երկրորդ հայցը ներկայացվել է 2023 թվականի փետրվարին՝ Եվրոպական էներգետիկ խարտիայի համաձայնագրի շրջանակներում։ Այստեղ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը խախտել է իր էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքները՝ վնաս հասցնելով էներգետիկ ենթակառուցվածքներին և խոչընդոտելով էներգիայի տարանցումը։