Եվլախում փաստաթուղթ չի ստորագրվել. ի՞նչ են ասում Արցախի ղեկավարները
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց շուրջ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա, որի հետևանքով օրերի ընթացքում հազարավոր արցախցիներ բռնի տեղահանվեցին։ Սեպտեմբերի 20-ին, մեկ օր անց հարձակման սկսվելուց, Արցախի իշխանությունները ընդունեցին կրակի դադարեցման առաջարկությունը, իսկ սեպտեմբերի 21–29-ին երկու կողմերի միջև տեղի ունեցան տարբեր հանդիպումներ՝ Եվլախում և Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը հիշեցրեց, որ 2023-ի սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի ունեցած հանդիպումը պարզապես հումանիտար բնույթ էր կրում, և արցախցի ներկայացուցիչները որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։ Նրա խոսքով՝ Արցախի վերաբերյալ գերտերությունների կողմից արդեն կայացված որոշում կար, պարզապես Արցախում այդ մասին չգիտեին։
Մենք ավելի շատ կենտրոնացած էինք դեպի դրականը, փորձում էինք հանրությանը բացատրել, թե հրաժարվելու հետևանքով ինչ կարող է լինել։ Գրեթե բոլոր համաձայն էին ու տրամադրված էին, որ հումանիտար միջանցքը բացվեր, բայց մի քանի ժամ հետո տեղի ունեցավ դա։
Նույնն է շեշտել նախագահ Սամվել Շահրամանյանը՝ նշելով, որ ինքը չի մասնակցել Եվլախի հանդիպմանը և այնտեղ ներկա եղածներից որևէ մեկը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել։
Սակայն հարկ է նշել, որ մինչ օրս հայտնի չեն հանդիպման մանրամասները կամ բանակցությունների ընթացքը։ Արցախյան կողմից միայն նշվում է, որ արցախա-ադրբեջանական բանակցություններին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։
Սեպտեմբերի 20-ի հրադադարի օրը Արցախի իշխանությունը համաձայնել էր լուծարել բանակը և զինաթափվել։ Այդ որոշումից մեկ շաբաթ անց՝ ըստ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նույնպես պետք է դադարեցներ իր գոյությունը, մինչև հաջորդ տարեսկիզբ պետք է լուծարվեին նաև պետական բոլոր կառույցները։ Հայաստան գալուց հետո, սակայն, Շահրամանյանը հայտարարեց, որ Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, դատավորները, մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանը, և այլ մարմիններ շարունակելու են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։
Եվլախի հանդիպումը, սեպտեմբերյան և մինչ այժմ տեղի ունեցող իրադարձությունները ընդգծում են այն խնդիրը, որ հասարակությանը ներկայացվող գործընթացները հաճախ չեն համապատասխանում իրականությանը։ Արցախի ներկայացուցիչները որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, սակայն այդ օրերին կայացված որոշումները մինչ այժմ հստակ չեն մատուցվել հասարակությանը։
