Հայաստանի նորանշանակ ԱԱԾ տնօրենը մեկնելու է Բաքու
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-21-ը կմեկնի Բաքու՝ մասնակցելու Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին։ Այս մասին տեղեկություններ են հրապարակել են ՀՀ ԱԱԾ-ից։
Հարկ է նշել, որ Անդրանիկ Սիմոնյանը առաջին ԱԱԾ տնօրենն է, ով կմեկնի Ադրբեջան։
Դեռևս 2021 թվականի հունվարին շրջանառվել էին լուրեր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանը նախատեսում էր մեկնել Բաքու, սակայն այդ ուղևորությունը այդպեդ էլ տեղի չէր ունեցել։ Փոխարենը նա Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում հանդիպել էր Ադրբեջանի ԱԱԾ տնօրենի հետ։ Կողմերը քննարկել էին գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքների վերաբերյալ հարցեր։
Նման հանդիպում տեղի էր ունեցել նաև Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի տարածքում։
Ադրբեջանական գերության մեջ ներկայումս գտնվում է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են։ Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։
