Ի՞նչ քննարկվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համագումարում
Ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համագումարը, որի հետ կապված տարբեր քաղաքական վերլուծաբաններ տարբեր գնահատականներ էին տալիս։
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր վարչություն ընտրեց՝ ընդլայնելով այն 15-ից 20 անդամի: Երևանում կայացած համագումարի արդյունքներով` կուսակցության առաջնորդ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծամասնության ձայներով ընտրվել է վարչության նախագահ:
Կուսակցության նոր վարչության կազմում ընդգրկվել են թե նախկին պաշտոնյաները, թե նոր դեմքեր՝ նախարարներ, պատգամավորներ, իսկ այս անգամ ավելացել է նաև կանանց թիվը՝ հինգ անդամով: Համագումարի քվեարկությունը անցկացվել է էլեկտրոնային եղանակով, նախնական արդյունքները հրապարակվել են, իսկ վերջնական որոշումը կկայացվի քվեաթերթիկների ձեռքով ստուգումից հետո՝ բողոքարկումների չլինելու դեպքում:
Վարչության ընդլայնումն ու նոր դեմքերի ընդգրկումը թույլ է տալիս վերահսկել ներքին բաշխված ուժերը և շեշտել կանանց մասնակցությունը, սակայն կուսակցության հիմնական քաղաքական ուղղությունն ու ղեկավարման լծակները չեն փոխվում:
Դիտարկումների արդյունքում amnews.am-ը առանձնացրել է մի շարք ուղերձներ, որոնք Փաշինյանը ամբիոնից հղեց՝ տալով որոշակի ազդակներ։
Փաշինյանը ընդգծեց, որ իշխանությունն ու նոր Սահմանադրության գործընթացը, ի սկզբանե, ժողովրդինն է՝ ի դեմս ՀՀ քաղաքացիների, և նոր Սահմանադրությունը կհիմնվի «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա՝ որպես ենթատեքստ ու գաղափարական հենք։ Կուսակցությունը հռչակեց Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը, որը կհաստատվի 2026թ-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո համաժողովրդական հանրաքվեի միջոցով:
Նրա խոսքով, չորրորդ հանրապետությունը խաղաղության վրա հիմնված նոր փուլ է, և նա հակադրություն չի տեսնում երրորդ հանրապետության հետ։ Փաշինյանը , խոսելով արտաքին քաղաքականությունից, շեշտեց, որ տարածաշրջանային հավասարակշռվածության պահպանմամբ Հայաստանը կշարունակի ակտիվացնել իր անդամակցությունը ԵՄ-ին՝ առանց հակադրելու արտաքին քաղաքական այլ ուղղությունների հետ:
Համագումարի ընթացքում հնչած ուղերձներից մեկը վերաբերում էր միլիարդատերերին, մասնավորապես Սփյուռքի հայ գործարարներին։ Փաշինյանի խոսքերից ակնհայտ էր, որ դա անուղղակի սպառնալիք էր սփյուռքի գործարարների նկատմամբ՝ ակնարկելով, որ Հայաստանում ոչ մի սփյուռքի ներկայացուցիչ չի կարող միջամտել երկրի գործերին։ Նա սպառնալի կոչերով հստակ նշեց, որ նմանատիպ քայլերի դեպքում տվյալ անձը վատ վերջաբանի է արժանանալու։
Այնուամենանյնիվ, վարչության ընտրությունը և համաժողովի ուղերձները ծառայում են Փաշինյանին՝ հաստատելու իր դիրքը կուսակցության ներսում և ցույց տալու, որ կուսակցությունն միավորված է նոր քաղաքական օրակարգի՝ «Չորրորդ Հանրապետության» մշակման ֆոնին, և ունի լայն ընդգրկում՝ ժողովրդավարության հենքով:
