Նախկինների ու ներկաների պայքարը շարունակվում է․ Փաշինյանը նախկին նախագահներին կրկին մեղադրում է, վերջիններս՝ կոշտ արձագանքում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օնլայն գրառումներով մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ նախկին նախագահների հասցեին՝ նրանց մեղադրելով ընտրությունները կեղծելու, Հայաստանի 3-րդ հանրապետությունը անդունդի մեջ ներքաշելու և 18-ամյա զինվորներին ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս սահման պահել ստիպելու մեջ։ Վարչապետը նախկին ղեկավարներին նաև հրավիրել է բանավեճի՝ առաջարկելով հանդիպման վայրը։
Կարող եք Կտրիճին, Սամոյին, Գեւորգին, Վազգենին էլ հետներդ բերել։ Բանավեճը կարող ենք «Երեւան–Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի, — գրել է Փաշինյանը
Փաշինյանը գրառումներում մասնավորապես օգտագործել է նախկին նախագահների անունների սկզբնատառերը և կասկածի տակ է դրել նրանց լեգիտիմությունը։
ՏՊԼ–ն Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ։ ՌՍ–ն Ղարաբաղը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ Հայաստան։ ՍՔ–ն ավելի վաղ էր փախել Ղարաբաղից, Լաչինի պոստում հավաքած մանեթները վայելելու․․․
Երրորդ հանրապետության պատմության մասին խորհելիս սարսափով արձանագրեցի, որ «հաղթող նախագահ» հորջորջվողներից ոչ ոք, պատկերացնու՞մ եք, ոչ ոք, ոչ մի անգամ ժողովրդի վստահության քվեն չի ստացել։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը արձագանքել է ֆեյսբուքյան գրառմամբ՝ մեջբերելով Մարկ Տվենի և Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը․ «Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք» և «Միայն երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Բայց առաջինի հետ կապված այդքան էլ վստահ չեմ»։
Առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի անունից արձագանքել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ասելով, թե ճշգրիտ բացահայտումները Փաշինյանին հանում են հավասարակշռված վիճակից, առաջացնում էլ ավելի խորը հիստերիկ նոպաներ և անքնություն, ինչը կարող է երկրի անվտանգության և կայունության համար լուրջ, անգամ ցնցումային, հետևանքներ ունենա։ Զուրաբյանն առաջին նախագահին խնդրել է թույլ տալ իրեն բանավիճել Փաշինյանի հետ։
Իրավիճակը լուրջ է, պարոն նախագահ: Հիվանդը արդեն շփոթում է հապավումների տառերը, առաջարկում հանրային բանավեճ կալանավայրի խցիկում, զառանցում ինչ-որ «խաղաղության գոտու» և «սնուցող մայրերի» մասին: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ Ձեր բանավեճի մասին երևակայելն անգամ հղի է երկրի ղեկավարի հոգեկան վիճակի քայքայման վտանգով և Հայաստանի անվտանգության համար լրջագույն սպառնալիքներով, խնդրում եմ ինձ տալ լիազորություն Ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճում: Խոստանում եմ թերապեվտիկ զգալի էֆեկտ,– գրել է Զուրաբյանը հավելելով, որ «մթագնած այս վիճակում» Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անգամ սուտ մատնություն կատարել սեփական երկրի դեմ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը իր արձագանքում նշել է․ «Կա՛մ արաղն ա պետք թարգել, կա՛մ դեղերը: Տեքստերը չեմ կարդացել, քանի որ փլուշահոտը խեղդում է»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը նույնպես հրավիրել էր հանրապետության նախկին ղեկավարներին բանավեճի՝ Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ։ Այս իրավիճակը ցույց է տալիս Հայաստանի ներքաղաքական դիսկուրսի բարդությունը և միևնույն ժամանակ՝ դրա հնարավոր ազդեցությունը առաջիկա 2026 թվականի ընտրությունների վրա։ Վարչապետի և նախկին նախագահների միջև ընթացող հանրային հակադարձումները կարող են ընդգծել քաղաքական բևեռների առկա անհամաձայնությունները և ազդել ընտրազանգվածի ընկալումների վրա:
