ՀայաստանՔաղաքականություն

Ադրբեջանից նշում են, որ Զանգեզուրի հատվածում աշխատանքներ են ընթանում «ամերիկացի գործընկերների մասնակցությամբ»

Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն առաջ տանել «Միջին միջանցքի» իր տեսլականը՝ ներառելով նաև Հայաստանի տարածքը։ Նյու Յորքում ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը բացահայտ խոսեց այն մասին, թե ինչպես են իրենք տեսնում Հարավային Կովկասի ապագան։ Նրա խոսքերում կան մի քանի կարևոր կետեր, որոնք Հայաստանի համար պետք է ահազանգ լինեն։

Հաջիևը հպարտությամբ նշեց, որ Ադրբեջանն արդեն «ավարտել է իր տնային աշխատանքը»՝ կառուցելով երկաթուղին Բաքվից մինչև Հայաստանի սահման։ Սա ակնհայտ ակնարկ է, որ իրենք պատրաստ են և սպասում են Հայաստանին, որպեսզի վերջինս իր հերթին կատարի իր «պարտականությունը»։ Առավել ուշագրավ է նրա խոսքը Զանգեզուրի (Սյունիքի) հատվածի մասին։ Նա ուղղակիորեն հայտարարեց, որ աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարածքում գտնվող 42 կիլոմետրանոց հատվածում՝ «ամերիկացի գործընկերների մասնակցությամբ»։

Այս պնդումը շատ կարևոր է, քանի որ մինչև այժմ Ադրբեջանը փորձում էր «Զանգեզուրի միջանցքի» հարցը ներկայացնել որպես իրավական և դիվանագիտական խնդիր, մինչդեռ Հաջիևը բացահայտեց, որ իրենք արդեն գործնական քայլեր են անում։ «Ամերիկացի գործընկերներ» արտահայտությունը նույնպես ուշագրավ է և նպատակ ունի ցույց տալու, որ Ադրբեջանի այս նախաձեռնությանը աջակցում են նաև արևմտյան մեծ տերությունները։ Հաջիևը իր ելույթն ավարտեց՝ ասելով, որ Հարավային Կովկասը պետք է դառնա «համագործակցության տարածք» և որ Ադրբեջանը «մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները» դրա համար։ Սակայն իր խոսքերը հակասում են իրականությանը։ Երբ խոսվում է «համագործակցության» մասին, բայց միաժամանակ արվում են միակողմանի հայտարարություններ Հայաստանի տարածքում իրականացվող «նախագծերի» մասին, դա ոչ թե համագործակցություն է, այլ պարտադրանք։

«Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի համար ոչ թե պարզապես ճանապարհ է, այլ քաղաքական նախագիծ, որը պետք է ամրագրի իրենց գերակայությունը։ Չնայած այն բանին, որ Հակաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում են, որ չկա և չի կարող լինել միջանցք, միջազգային մակարդակում կարծես թե բոլորն ընդունում են այդ տերմինն ու այդպես էլ կոչում այն։