
Հայաստանը Նիդերլանդներում դատախազ կունենա
ՀՀ կառավարությունը որոշեց Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպանությանը կից գործուղել ներկայացուցիչ դատախազի, որը կզբաղվի Եվրաջասթի (Eurojust) համագործակցության հարցերով։
Որոշման հիմնավորման համաձայն՝ այս քայլը կօգնի ապահովել անդրազգային հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվության և տվյալների արագ փոխանակումը։
Որոշման շնորհիվ կապահովվի անդրազգային հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողությունների համար անհրաժեշտ տեղեկատվության և տվյալների փոխանակումը, ինչն իր հերթին կնպաստի քրեական վարույթներով իրավական օգնություն ցուցաբերելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմիններին ուղղված ՀՀ կենտրոնական կամ իրավասու մարմինների հարցումների, այդ թվում՝ հանձնման (էքստրադիցիա) միջնորդությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների համապատասխան հարցումների արագ և օպերատիվ կատարմանը
Կառավարությունից հիշեցնում են, որ 2024 թվականի ապրիլի 5-ին ստորագրվել և սեպտեմբերի 10-ին վավերացվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև քրեական վարույթներով իրավական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այս փաստաթուղթը նաև կարգավորում է Հայաստանի ներկայացուցիչ դատախազի գործունեությունը Եվրաջասթում։
Ըստ գործադիրի՝ նոր գործիքակազմի կիրառումը հնարավորություն կտա ընդլայնել Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։