
Պուտին-Փաշինյան հանդիպում Մոսկվայում․ ի՞նչ են քննարկել երկու երկրների ղեկավարները
Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկկողմ հարաբերությունները։ Պուտինի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2024-ին հասել է աննախադեպ բարձր մակարդակի՝ ավելի քան 11,7 միլիարդ դոլարի, ինչը կազմում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մոտ մեկ երրորդը։
Մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ։ Առևտրաշրջանառության ծավալը ոչ միայն մեծացել է, այլև ռեկորդ է սահմանել։ Դա կարևոր ցուցանիշ է մեր համագործակցության խորության համար, – նշել է Պուտինը։
Նա առանձնացրել է նաև էներգետիկայի ոլորտը՝ հիշեցնելով, որ Հայաստանի ատոմակայանը արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի շուրջ 30 տոկոսը։ «Ռոսատոմը» ներկայումս աշխատում է կայանի աշխատանքի ժամկետը երկարաձգելու ուղղությամբ։
Փաշինյանը Մոսկվա է մեկնել մասնակցելու սեպտեմբերի 25–28-ը անցկացվող «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովին, որը նվիրված է ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակին։ Համաժողովին ներկա են տարբեր երկրների պաշտոնյաներ, խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, գիտնականներ և մասնագետներ։