ՀայաստանՔաղաքականություն

Այնթափ համայնքի նախկին ղեկավարի գույքը կբռնագանձվի․ ի՞նչ է հայտնի

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ Արարատի մարզի Այնթափ համայնքի նախկին ղեկավար Կարեն Սարգսյանից ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու վերաբերյալ։ Հայցի շրջանակում պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության Սարգսյանից բռնագանձել 13 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն (բաժնեմաս) և 216 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում նախկին պաշտոնյայի օրինական եկամուտներով։

ՀՀ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքներ կատարելու մեջ։ Նախաքննությամբ պարզվել է, որ 2010-2021 թվականներին նա պաշտոնական փաստաթղթերում ներառել է կեղծ տեղեկություններ, չի կանխել ինքնակամ շինությունների կառուցումը և չի կիրառել օրենքով նախատեսված միջոցներ արդեն կառուցված շինությունների նկատմամբ։

Քննությամբ արձանագրվել է, որ նախկին ղեկավարն օտարել է համայնքին պատկանող հողամասեր և շինություններ՝ կեղծ փաստաթղթերով դրանք ներառելով համայնքային սեփականություն համարվող օտարվող հողամասերի ցանկում։ Մասնավորապես, մի մասը փոխանցվել է իրեն, իսկ մյուսները՝ իրեն կապակցված այլ անձանց։

Կարեն Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման հատկանիշներով։ Որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Նրա պաշտոնավարումը կասեցվել է։