
Հայաստան-ԵՄ. արդյո՞ք իրատեսական է միանալ Եվրամիությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է ՀՀ-ի կողմից Եվրամիությանը անդամակցության գործընթացին վերաբերող օրենքի ընդունման պատճառները։
Նա նշեց, որ այս օրենքը ծառայում է որպես «ոչ միայն ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների աննախադեպ մակարդակի ցուցիչ, այլև որպես ժողովրդավարական արժեքներին մեր նվիրվածության ուղղակի ապացույց»։
Շատերը հետաքրքրվում են, թե երբ է Հայաստանը միանալու ԵՄ-ին և որքանով է դա իրագործելի։ Նախ, մեր չորս հարևան երկրներից երկուսը ԵՄ անդամակցության թեկնածուներ են։ Բացի այդ, ԵՄ անդամակցության գործընթացի մասին օրենքի ընդունումը մեզ համար խթան է հանդիսանում հետևողականորեն շարունակել բարեփոխումները, — մանրամասնեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանը նպատակ ունի ինստիտուցիոնալ մակարդակով համապատասխանել ԵՄ չափանիշներին։
Առանց այս չափանիշներին հետևելու՝ անհնար է դառնալ Եվրամիության անդամ։ Այսպիսով, երբ Հայաստանի չափանիշները համապատասխանեն ԵՄ չափանիշներին, կառաջանան երկու հնարավորություններ՝ կամ մենք կընդունվենք ԵՄ-ում, կամ՝ ոչ։ Եթե մեզ ընդունեն, դա կլինի նշանակալի նվաճում, եթե ոչ, ապա մենք կիրագործենք ժամանակակից, առաջադեմ չափանիշներին համապատասխանող ազգ դառնալու կարևոր նպատակը։ ԵՄ չափանիշներին համապատասխանելու մեր ձգտումը աշխարհաքաղաքական որոշում չէ, այլ ժողովրդավարական, — եզրափակեց Փաշինյանը։
Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին հայտնել էինք, որ սահմանադրորեն անգամ ԵՄ-ին միանալը միայն հանրաքվեով է հնարավոր, այն էլ այն ժամանակ, երբ ԵՄ-ն համաձայնի, որպեսզի Հայաստանը միանա ԵՄ-ին։
Բացի դա, վերջին 12 տարվա ընթացքում ԵՄ-ին որևէ երկիր չի միացել։ Հարևաններից Վրաստանն է, որը պաշտոնապես ձգտում է ԵՄ անդամ դառնալ։ 2022-ին Վրաստանը պաշտոնապես ներկայացրեց անդամակցության դիմում, իսկ 2023-ի դեկտեմբերին ստացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Թուրքիան 1999 թվականից թեկնածու է։ 2005 թվականից բանակցում է, սակայն արդյունքի չեն հասել։
Հատկանշական է, որ բալկանյան մի շարք երկրներ տարիներ շարունակ ցանկանում են միանալ ԵՄ-ին, բայց չի հաջողվում։ Օրինակ, Սերբիան թեկնածու է 2012-ից, բանակցում է 2014-ից, բայց Կոսովոյի հարցը խոչընդոտել է միանալու գործընթացին։