ՀայաստանՔաղաքականություն

Մինչ Հայաստանը փորձում է հերքել, Ադրբեջանը միջազգային հանրության մոտ արմատավորում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը

Վերջին տարիներին «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը դարձել է Բաքվի հռետորաբանության առանցքային գործիքներից մեկը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար սպառնալիքներով բարձրացնում է այս հարցը՝ պահանջելով Հայաստանից տարածք, որը դուրս կգա ՀՀ ինքնիշխան վերահսկողությունից։ Նրա պնդմամբ՝ այս եզրույթը «միջազգային շրջանառության մեջ մտած տերմին է», մինչդեռ իրականում այն օգտագործվում է բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Չնայած այդ ամենին՝ որոշ միջազգային կազմակերպություններ ու պետություններ կարծես աստիճանաբար «ընկղմվում են» Ալիևի հռետորաբանության մեջ և իրենք էլ կիրառում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

Փաստացի, «միջանցք»-ի գաղափարը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման փորձ։ Այն նպատակ ունի կտրել հայ-իրանական սահմանը և Բաքուն կապել Նախիջևանի ու Թուրքիայի հետ՝ ստեղծելով նոր աշխարհաքաղաքական լծակ Ադրբեջանի համար։

Սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որևէ մեկին իրավունք չի տրվում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ Հայաստանի կողմից։ Նա արձագանքել է Եվրոպական պահպանողականների խմբի ներկայացուցիչից ստացված հարցին, որտեղ օգտագործվել էր «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։

«Սա արդեն ձեռք բերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է», — ասել է Փաշինյանը և հարցրել՝ որտեղից է արտահայտությունը վերցվել, քանի որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում նման բառապաշար չկա։ Նա ընդգծել է, որ ոչ մի փաստաթուղթ կամ բանակցություն երբեք չի ճանաչել այդ ձևակերպումը։

Չնայած մի շարք լուսանկարներից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն արդեն մտերիմ հարաբերությունների մեջ են, իսկ նրանց ժպիտները կարծես համոզում են, որ խաղաղությունը կնքվված է, այնուամենայնիվ հեռվից հեռու երկու երկրների ղեկավարները չեն դադարում միմյանց «սխալներն» ուղղել։

Փաշինյանը հիշեցրել է, որ ՄԱԿ-ում և այլ միջազգային հարթակներում արդեն մի քանի անգամ հորդորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պարզաբանել, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով։ Նա նաև հորդորել է ադրբեջանական կողմին ցույց տալ քարտեզի վրա այդ հատվածը, և ընդգծել, որ Հայաստանի տարածքում անուններ որոշելու իրավունք ունի միայն Հայաստանը։ Նշենք` Ալիևը ՄԱԿ–ի ամբիոնից հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ը պատմության մեջ մտավ որպես Հայաստանի կապիտուլյացիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման օր։

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ԱՊՀ վարչապետների հանդիպման ժամանակ նույնպես օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» տերմինը և խոսել դրա շուրջ նոր ուղղությունների մասին։ Հայաստանն էլ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջոցով, արձագանքել է այդ ելույթին, նշելով, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ այդ տերմինի օգտագործումից և ապաշրջափակման համատեքստում օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ձևակերպումը։

Միջանցքի գաղափարը հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե հաղորդակցությունների բացումն է, այլ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների շարունակությունը։ Ալիևի հռետորաբանությունը՝ «Արևմտյան Ադրբեջան», «պայմանական սահմաններ», «պատմական իրողություններ»,«Զանգեզուրի միջանցք», նույն տրամաբանության շարունակությունն են։

Այսպիսով, «Զանգեզուրի միջանցք» նախագծի շուրջ խոսույթները ոչ թե խաղաղության կամ տարածաշրջանային զարգացման նախաձեռնություն են, այլ հստակ փորձ՝ կասկածի տակ դնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ամրապնդելու Ադրբեջանի ազդեցությունը։