ՀայաստանՔաղաքականություն

Նինա Կարապետյանցը՝ վարչապետի թեկնածու

Հայաստանի ներքաղաքական դաշտում նոր զարգացում է։ «Նժար» սահմանադրական շարժումը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում առաջադրում է մարդու իրավունքների պաշտպան, իրավապաշտպան Նինա Կարապետյանցին։

Շարժման անդամները, հոկտեմբերի 1-ին հրավիրված ասուլիսում, իրենց որոշումը բացատրեցին ոչ թե անձի ընտրությամբ պայմանավորված, այլ՝ համակարգային փոփոխությունների անհրաժեշտությամբ։ Ըստ նրանց՝ պետությունը կանգնած է այնպիսի մարտահրավերների առաջ, որ առանց ինստիտուցիոնալ փոփոխությունների իրավիճակը չի կարող փոխվել։ Խոսքը, մասնավորապես, վարչապետի լայն լիազորությունների սահմանափակման և իշխանության իրական տարանջատման մասին է։

Շարժման ներկայացուցիչների համոզմամբ՝ Կարապետյանցի առաջադրումը կարող է ճանապարհ հարթել դեպի քաղաքական կայունություն և խաղաղության օրակարգի առաջմղում տարածաշրջանում։

Նինա Կարապետյանցը 2009 թվականից մինչև 2025 թվականներին եղել է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար։ Հետաքրքիր է, որ այս կազմակերպությունը 2018 թվականի հեղափոխության ժամանակ աջակցել է Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին։ Օրինակ, 2020 թվականին Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը, հայտնել էր, որ 2018-ի հեղափոխությունը անկախության երաշխավորման կարևոր շաժում էր։ «Նժար» սահմանադրական շարժման անդամներից մեկը՝ Գարեգին Միսկարյանը, ժամանակին ևս աջակցում էր հեղափոխությանը։