ՀայաստանՔաղաքականություն

Կոպենհագենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը

Չնայած վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նկատվում էր լարվածություն, այնուամենայնիվ Դանիայի մայրաքաղաքում այսօր կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպման մասին առաջինը գրեց Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքում հրապարակելով կարճ տեսանյութ։

Քիչ անց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հաղորդագրություն տարածեց, որի համաձայն՝ կողմերը կարևորել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման ուղղությամբ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները, Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի ընթացքը։ Կողմերը մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։

Այս համատեքստում երկու ղեկավարները ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը՝ կարևորելով վստահություն ամրապնդող միջոցառումների շարունակական իրականացումը։ Հաղորդագրության եզրափակիչ հատվածում նշվում է, որ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել իրենց շփումները։ Նույնատիպ հաղորդագրություն հրապարակել է նաև ադրբեջանական կողմը։

Այս ֆոնին Կոպենհագենի հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունները, որոնք երկու կողմերն էլ գրեթե նույնությամբ կրկնում են, կարող են ընկալվել որպես դիվանագիտական պարտավորեցնող հայտարարություններ։ Հանդիպման բովանդակային կողմը շարունակում է մնալ անորոշ, իսկ կողմերի վերջին հայտարարությունները վկայում են, որ հակասությունները խորքային մակարդակում չեն հաղթահարվել։

Այս պայմաններում խաղաղության օրակարգի ապագան շարունակում է մնալ անորոշ․ յուրաքանչյուր նման հանդիպում, որքան էլ դրական ներկայացվի, ավելի շատ պահում է բանակցային գործընթացի ձևականությունը, քան իրական հույս է ստեղծում, որ լարվածությունն իրոք կփոխարինվի կայուն խաղաղությամբ։