ՀայաստանՔաղաքականություն

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը երկու տարվա ազատազրկման դատավճիռ կայացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանի խոսքով՝ պատժի հաշվարկը կսկսվի սրբազանի փաստացի կալանավորման պահից։

Ավելի վաղ դատախազը միջնորդել էր նրան դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Նշենք, որ սեպտեմբերի 24-ին դատարանը մեղադրական վերդիկտ էր կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով։

Ըստ մեղադրանքի՝ Միքայել սրբազանը, լինելով Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական և Շիրակի թեմի առաջնորդ, իր հրապարակային ելույթներով և հարցազրույցներով հանդես է եկել իշխանությունը զավթելուն ուղղված կոչերով։ Նա կալանավորվել էր հունիսի 28-ին։

Դատարանի վճիռը սրբազանը ընդունեց ժպիտով, մինչդեռ նիստի դահլիճում ներկաները դատավորին դիմավորեցին «ամոթ» վանկարկումներով։