ՀայաստանՔաղաքականություն

Արդարադատության նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 30-ին կայացած նիստում անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ առաջին ատյանի դատավճիռը՝ նրան մեղավոր ճանաչելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Ըստ դատարանի հրապարակած տվյալների՝ Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները անձնական կամ այլ շահերի նպատակով չարաշահելուն։ Գործը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Թովմասյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը՝ 2010-2014 թվականներին։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 20-ին Թովմասյանին մեղավոր էր ճանաչել երկու դրվագով, սակայն նրան ազատել էր քրեական պատասխանատվությունից՝ հանցագործության վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։

Դատավճռի դեմ բողոք էին ներկայացրել ինչպես դատախազությունը, որը պահանջում էր վերանայել վաղեմության ժամկետի կիրառման իրավաչափությունը, այնպես էլ պաշտպանական կողմը՝ պնդելով, որ նախկին նախարարը անմեղ է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, ուսումնասիրելով երկու կողմի բողոքները, որոշել է դրանք մերժել և առաջին ատյանի դատավճիռը թողնել ուժի մեջ։

Ըստ քրեական գործի՝ մի դեպքում Թովմասյանը իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ խոչընդոտել է նոտարներին գնելու համայնքին պատկանող Երևանի Բաղրամյան 1 հասցեում գտնվող հայտնի նոտարների շենքի տարածքները և ի վերջո ինքն է այն ձեռք բերել, իսկ Ալեք Մանուկյան հասցեի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել իրենց սահմանած գներով։ Ընդհանուր առմամբ, պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս։ Թովմասյանի գույքն այս գումարի չափով արգելանքի տակ է։