ՀայաստանՔաղաքականություն

«Զանգեզուրի միջանցք» տերմինի շուրջ հակասությունները չեն հանդարտվում

Հայաստանի վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը այսօր ևս մեկ անգամ մատնանշել է, որ հայկական կողմի համար Զանգեզուրի միջանցք արտահայտությունը գոյություն չունեցող դիտարկում է։ Վերջին շրջանում հայկական կողմի՝ հարցի շուրջ կատարվող նմանօրինակ մեկնաբանությունները փաստում են մեկ բան՝ ադրբեջանական կողմը չի լսում հայկական կողմին և շարունակում է իր դիտակետից մեկնաբանել խնդիրը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կայացած հանդիպմանը Ալիևի հետ քննարկել էր «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը։ 

Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերը, որոնք հստակ ամրագրված են մի շարք միջազգային փաստաթղթերում։

Ադրբեջանի նախագահը, սակայն, շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Վերջին անգամ նա այն կիրառել է Թյուրքական պետությունների կազմակերպության՝ Գաբալայում կայացած նիստում՝ հայտարարելով, թե իբր «Զանգեզուրի միջանցքի բացումը վաշինգտոնյան գագաթաժողովի կարևորագույն արդյունքներից էր»։ Բացի այդ՝ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ իրենց խոսույթում հիմնականում այդ տերմինն են օգտագործում։

Այս հայտարարությունները բախվում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հետ։ Վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հորդորեց Ալիևին «քարտեզի վրա ցույց տալ»՝ որտեղ է գտնվում այդպես կոչված միջանցքը, ընդգծելով՝ ոչ ոք իրավունք չունի անուն դնել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։

Ազգային ժողովում Փաշինյանը նաև բացատրեց, որ իր համար «Զանգեզուրի միջանցք» ասվածը պարզապես Հորադիզ-Զանգելան ճանապարհի անվանումն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի սահման, բայց այն չի վերաբերում Հայաստանի տարածքին։

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վաղուց դուրս է տնտեսական կամ տրանսպորտային շրջանակներից և դարձել է քաղաքական գործիք՝ ուղղված Հայաստանի վրա ճնշում գործադրելուն։ Բաքվի կողմից դրա շարունակական կիրառումը նպատակ ունի պահպանել տարածաշրջանային լարվածությունը և սրել հանրային ընկալումները, մինչդեռ պաշտոնական Երևանը հետևողականորեն շեշտում է՝ Հայաստանի տարածքում միջանցք չի եղել և չի լինելու։