Գյումրիում կալանավորվել է «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է շարժման մամուլի ծառայությունը։ Մեկ շաբաթվա ընթացքում նա երկրորդ ձերբակալված փաստաբանն է;
Նույն դատարանը այսօր նաև երկու ամսով կալանավորել է Գյումրու ավագանու անդամ Գևորգ Ղուկասյանին, որը Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն է։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժել էին Գյումրու քաղաքապետարան՝ համայնքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու նպատակով։ Դրան հաջորդել էր քաշքշուկ ոստիկանների և համայնքապետի կողմնակիցների միջև, ինչի արդյունքում 23 մարդ էր ձերբակալվել, այդ թվում՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։
Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Գյումրու համայնքապետարանի մոտ տեղի ունեցած դեպքերի հետևանքով ձերբակալվել է 37 անձ, որոնցից 29-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, ինչպես նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով։
ՔԿ-ի տվյալներով՝ 19 անձի նկատմամբ դատարան է ներկայացվել կալանք կիրառելու միջնորդություն։ Amnews-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում կա նաև մեկ անչափահաս։
