Բյուրեղավանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել հողերի ապօրինի օտարման 9 դրվագով
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավանի համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը»,– նշվում է կոմիտեի հաղորդագրությունում։
Համայնքապետի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։
Հիշեցնենք՝ դեռ 2023 թվականին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ Բալասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ համայնքային հողերի վաճառքի հետ կապված իրավախախտումների հիմքով։
Նշենք, որ սա Կոտայքի մարզի համայնքապետերի նկատմամբ վերջին ամիսներին հարուցված մի շարք գործերից մեկն է, ինչը վկայում է հակակոռուպցիոն պայքարի ակտիվացման մասին տեղական ինքնակառավարման համակարգում։
