Վաղարշապատի ավագանու ընտրությունների ընթացքում դիտորդները մի քանի տասնյակ խախտումներ են արձանագրել
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում անցկացվող ավագանու ընտրությունների ընթացքում մի քանի դիտորդական կազմակերպություններ բազմաբնույթ խախտումներ են արձանագրել։ Այդ մասին հայտնել են «Անկախ դիտորդ» դաշինքը, «Թաթոյան» հիմնադրամը, «Հայաքվե» դիտորդական առաքելությունը և Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը։
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ իրենց դիտորդները այցելել են 40 ընտրատեղամաս և արձանագրել երեք ընթացակարգային խախտում, երկու վիճաբանություն, ընտրողների կազմակերպված տեղաշարժի երեք դեպք, ինչպես նաև միտումնավոր բաց քվեարկության մեկ դեպք։ Արձանագրվել են նաև անօրինական ներկայության, սպառնալիքի և հանձնաժողովի անգործության մեկական դեպք։
Ըստ Իոաննիսյանի, խախտումներ են գրանցվել նաև լռության օրը․ «Հանրապետություն» կուսակցության պաշտոնական էջով չի դադարեցվել գովազդը, իսկ մի շարք այլ ուժերի վերաբերյալ վճարովի գովազդները շարունակվել են ոչ պաշտոնական էջերով։
«Թաթոյան» հիմնադրամը արձանագրել է քվեաթերթիկների թվի անհամապատասխանություններ, անդորրագրերի ու կնիքների համարների անհամընթացություն, ինչպես նաև դեպքեր, երբ քվեարկության սարքը չի ճանաչել անձը հաստատող փաստաթուղթը։ Նշվում է, որ երկու դեպքում տվյալները վերաբերել են մահացած կամ տվյալ հասցեում չբնակվող անձանց։ Գրանցվել են նաև խախտումներ քվեախցիկներում․ միաժամանակ մի քանի անձինք են մտել քվեարկելու նույն խցիկում։
«Հայաքվե» դիտորդական առաքելությունը մի շարք տեղամասերում արձանագրել է մարդկանց կուտակումներ, բաց քվեարկության դեպքեր և քարոզչական նյութերի՝ ընտրատեղամասերին չափազանց մոտ տեղակայում։ Գեղակերտում, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից մոտ 20 մետր հեռավորության վրա։ Արձանագրվել է նաև դեպք, երբ արդեն քվեարկած քաղաքացին մոտեցել է մեկ այլ ընտրողի՝ պնդելով, թե ցանկանում է «օգնել» նրան։ 14/44 տեղամասում արձանագրվել է ուրիշի փոխարեն ստորագրելու դեպք։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը հաղորդել է, որ 14/10, 14/24 և 14/30 տեղամասերի անմիջական հարևանությամբ փակցված են թեկնածուների գովազդային պաստառներ, որը խախտում է «Ընտրական օրենսգրքի» պահանջները։ Քաղաքացիները ևս ահազանգել են իրենց հասցեներում գրանցված անծանոթ անձանց մասին։
ՆԳՆ տվյալներով՝ ժամը 12:00-ի դրությամբ ոստիկանությունում ստացել են չորս ահազանգ՝ ընտրական գործընթացում հնարավոր խախտումների վերաբերյալ, որոնք ուսումնասիրվում են։
Վաղարշապատի խոշորացված համայնքում ավագանու ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր։ Բացվել է 47 ընտրատեղամաս, ընտրելու իրավունք ունի 69 866 քաղաքացի։ Ընտրությունների ընթացքին հետևում է վեց դիտորդական կազմակերպություն։
