ՀայաստանՔաղաքականություն

Փաշինյանի դեմ մեղադրանքներով հաղորդում է ներկայացվել դատախազություն

Լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և իրավապաշտպաններ դատախազություն հաղորդում են ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ նրան մեղադրելով քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու և Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու մեջ։

Հաղորդման հեղինակները պնդում են, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանությունները նախաձեռնել են քայլեր, որոնք, իրենց գնահատմամբ, ուղղված են ընդդիմադիր քաղաքական ուժերի, ինչպես նաև անհամաձայնություն արտահայտող կառույցների նկատմամբ ճնշում գործադրելուն։ Ըստ հաղորդման՝ այդ գործողությունների հիմնական թիրախում են Հայ առաքելական եկեղեցին, կաթողիկոսը, մի շարք բարձրաստիճան հոգևորականներ և նրանց հարազատները, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանն ու եկեղեցուն սատարող այլ հանրային գործիչներ։

Փաստաթղթում նշվում է, որ իշխանությունները, «խախտելով Սահմանադրության և օրենքների պահանջները», միջամտում են եկեղեցու ինքնակառավարմանը, սեփականության տնօրինմանը, ինչպես նաև խաթարում են անձնական կյանքի և բարի համբավի պաշտպանությունը։ Հաղորդում ներկայացրած անձանց կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը անձնական պատասխանատվություն է կրում նկարագրված գործողությունների համար, քանի որ «ղեկավարում, կազմակերպում, հրահանգում և իրագործում է» դրանք։

Նրանք դատախազությանը կոչ են անում ձեռնարկել անհրաժեշտ իրավական քայլերը՝ վարչապետին և, իրենց ձևակերպմամբ, «հանցակիցներին» քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Հաղորդման մեջ զետեղված են նաև վարչապետի և նրա թիմակիցների գործողությունների վերաբերյալ մի շարք դրվագներ, որոնք հեղինակները գնահատում են որպես իրավախախտումներ։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին քննադատություններ են հնչում իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունների շուրջ։ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը պահվում են կալանքի տակ։

Հունիսի 17-ին խուզարկություն է իրականացվել գործարար Սամվել Կարապետյանի տանը՝ այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն էր հայտնել եկեղեցուն՝ քննադատելով իշխանությունների գործողությունները։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին։