ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը կմասնակցի Եվրամիության անվտանգային և ճգնաժամային կառավարման նախաձեռնություններին

Հայաստանը պաշտոնապես կմիանա Եվրամիության անվտանգային միջոցառումներին։ Ազգային ժողովը արտահերթ նիստում այսօր վավերացրեց «ՀՀ և ԵՄ միջև եվրոպական ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։ Օրինագիծը ստացավ 55 կողմ, 0 դեմ և 24 ձեռնպահ ձայներ։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի խոսքով՝ փաստաթուղթը, որը ստորագրվել է 2025-ի հունիսի 30-ին, սահմանում է Հայաստանի ներգրավման սկզբունքները և հնարավորություն տալիս օգտվել ԵՄ փորձից ու կարողություններից։

Կոստանյանի տեղեկացմամբ՝ ԵՄ-ի շրջանակում գործում են 20 առաքելություններ, որոնց մանդատը կայանում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումների կամ տվյալ պետության հրավերի հիման վրա։ Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա Կոստանյանը նշեց, որ ԱԳՆ–ն չի բյուջետավորել Հայաստանի մասնակցության վերաբերյալ ծախսերը, քանի որ այս պահին կարևորը համագործակցության օրենսդրական շրջանակը ստեղծելն էր։

Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչ երկրներ ունեն նման համաձայնագրեր և արդյոք ՀԱՊԿ անդամները ընդգրկված են այդ ցանկում։ Փոխնախարարը պատասխանեց, որ Կանադան, Շվեյցարիան և Նորվեգիան արդեն համագործակցում են ԵՄ-ի հետ նման ձևաչափով, իսկ ՀԱՊԿ-ը նման պայմանագրեր չունի։

Իշխող խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը շեշտեց, որ այս քայլը կարևոր է Հայաստանի միջազգային ներկայանալիության համար.

Արտահերթ նիստը տևեց մոտ մեկ ժամ․ քննարկումը անցկացվեց անհետաձգելիության կարգով։