ՀայաստանՔաղաքականություն

Հարձակվել են հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա

«Դալմա մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում այսօր հարձակման է ենթարկվել հանրային գործիչ Միհրան Հակոբյանը։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանի խոսքով՝ հարձակումը եղել է անսպասելի, հարձակվողները եղել են դիմակներով և հարձակվել են Միհրան Հակոբյանի թիկունքից։ Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Ռուբեն Մելիքյանը նաև նշել է, որ այս հարձակումը հնարավոր չէր լինի, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021 թվականին Հակոբյանի տան առջև նռնակ նետելու դեպքը։ Հիշեցնենք, որ անհայտ անձինք 2021 թվականի հունիսի 22-ի վաղ առավոտյան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ էին նետել։

Միհրան Հակոբյանը եղել է անկուսակցական պատգամավոր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ։ Նա բազմիցս հանդես է եկել հակաիշխանական դիրքորոշումներով։