Ալեն Սիմոնյանը խոսել է սահմանազատման ընթացքի մասին և նոր փակագծեր բացել
Սահմանազատման գործընթացի օրակարգում որևէ փոփոխություն չկա։ Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» համաժողովից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե կոնկրետ որ հատվածի մասին է խոսքը, ԱԺ նախագահը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ ժամկետների մասին ևս խոսելը վաղ է։ Միևնույն ժամանակ նա հավանական համարեց, որ հաջորդ տարածքը կսահմանազատվի 2026 թվականի առաջին եռամսյակում
Ինչ-որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում՝ Ադրբեջանը։ Գործընթացը շարունակվում է, կարծում եմ, որ մոտ ապագայում մենք ինչ-որ մաս նույնպես կսահմանազատենք և կունենանք այն դրական, ստացված իրավիճակը, որն ունենք Կիրանցի մասում,– ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը կայացել է նոյեմբերի 28-ին Ադրբեջանում։ Դրան նախորդած՝ հունվարի 16-ի քննարկման ընթացքում, կողմերը համաձայնել էին սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և հասնել մինչև հարավ՝ Իրանի սահման։
2025 թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ տեղի են ունեցել երկու երկրների պատվիրակությունների փոխայցելություններ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով։ Հարկ է նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններն այցելել են «Սյունիքի մարզի հարավային տարածքներ և Զանգելանի շրջան»։
Չնայած տարածվող տեղեկություններին՝ կողմերը դեռևս չեն հստակեցրել, թե որ հատվածում կշարունակվի սահմանազատումը։
