ՀայաստանՔաղաքականություն

Քաղաքացիական պայմանագրի ներսում խմորումները շարունակվում են․ ովքե՞ր չեն լինի նախընտրական ցուցակում

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը կբողոքարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշումը՝ 2026 թվականին սպասվող ընտրությունների նախընտրական ցուցակում իր առաջադրումը մերժելու վերաբերյալ։

Պատգամավորը այս մասին հայտարարել է դեկտեմբերի 17-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ ընդգծելով, որ չի պատրաստվում հաշտվել ընդունված որոշման հետ և օգտվելու է կուսակցական մարմինների որոշումները բողոքարկելու իր իրավունքից։ Նրա խոսքով՝ ունի երկու տարբերակ՝ կամ ընդունել որոշումն ու դուրս մնալ հաջորդ ցուցակից, կամ բողոքարկել այն։ Սարգսյանը նշել է, որ ընտրել է երկրորդ ճանապարհը։

Հայկ Սարգսյանը ակնարկել է, որ իրեն չգրանցելու պատճառը կուսակցության ներսում որոշ գործընկերների հետ առաջացած լարվածությունն է, որը, ըստ նրա, սկսվել է օնլայն կազինոների և խաղատների հարկերը բարձրացնելու մասին իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունից հետո։ Թե կոնկրետ ում հետ է առկա այդ լարվածությունը, պատգամավորը չի մանրամասնել։ Սակայն մեր տվյալներով՝ նրա հարաբերությունները լարված են Ալեն Սիմոնյանի հետ։ Վերջինս նույնիսկ ապրիլին կարգապահական վարույթ էր ներկայացրել Հայկ Սարգսյանի դեմ, և վերջինիս խիստ նկատողություն էր հայտարարվել։ Նա հակասություններ ուներ նաև Անդրանիկ Քոչարյանի հետ։

Բացի այդ՝ նա լրագրողների հետ զրույցում նշել է նաև, որ եթե Տիգրան Ավինյանը մասնակցեր վարչության նիստին, ապա իրեն դուրս չէին թողնի, որովհետև Տիգրան Ավինյանը իր ընկերն է։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանը իր ընկերը չէ։

Նա նաև ընդգծել է, որ կուսակցության «հնաբնակ» անդամներից է և վարչապետի քաղաքական պայքարին միացել է դեռևս 2006 թվականից՝ տարբեր շարժումների շրջանակում։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար ներկայացվել է շուրջ 380 հայտ։ Ներկայումս կուսակցության վարչությունն իրականացնում է այսպես կոչված բարեվարքության ստուգում՝ որոշելու համար, թե որ թեկնածուների անունները կներկայացվեն համագումարին՝ ցուցակում ներառելու նպատակով։

Նույն որոշմամբ նախընտրական ցուցակում չեն ընդգրկվել նաև Ազգային ժողովի պատգամավորներ Կարեն Սարուխանյանը և Ջուլիետա Ազարյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կուսակցության ցուցակում չեն ընդգրկվել նաև Խաչատուր Սուքիասյանը, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը, Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը։