ՀայաստանՔաղաքականություն

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է

Հակակոռուպցիոն դատարանը այսօր որոշում է կայացրել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։ Մեղադրող կողմը ներկայացրել էր միջնորդություն՝ նշելով, որ նախկինում կիրառված խափանման միջոցների հիմքերը դեռևս պահպանվում են։

Պաշտպանական կողմը միջնորդել էր կալանքը փոխարինել այլընտրանքային միջոցներով՝ ներկայացնելով քաղաքապետի առողջական վիճակի մասին փաստաթղթեր և երաշխավորագրեր, որոնք տրամադրել էին նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը։ Սակայն դատարանը բավարարել է մեղադրող կողմի պահանջը։

Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ասաց, որ դատարանը հաշվի չի առել Վարդան Ղուկասյանի անձնական տվյալներն ու երաշխավորագրերը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետը կալանավորվեց 2 ամսով։ Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի՝ այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։