Փաշինյանը խոսել է 2026 թվականի ընտրություններում Սամվել Կարապետյանի մասնակցության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը չի կարող առաջադրվել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու։
Լրագրողները հետաքրքրվել են, թե Փաշինյանը ինչպես կմեկնաբանի կուսակցության ներկայացրած հայտը, ըստ որի՝ Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ ընտրություններից հետո՝ Սահմանադրության համապատասխան հոդվածը փոխելու դեպքում։
Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիները կարող են հիմնադրել կուսակցություններ, սակայն վարչապետի թեկնածու առաջադրելու համար Սահմանադրությունն ու օրենքը սահմանափակումներ են նախատեսում։
Երկրորդ կամ երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու։ Դա ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի, և դրա մեկնաբանությունը անհրաժեշտ չէ, — ասել է նա։
Փետրվարի 12-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսում հայտարարվել է, որ կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Կուսակցությունում նշել են, որ ընտրություններից հետո, եթե մեծամասնություն կազմեն, հնարավոր կլինի համապատասխան Սահմանադրական փոփոխություն կատարել։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը վերջին 4 տարիներին ՀՀ-ում մշտապես չի բնակվել և ունի նաև այլ երկրների քաղաքացիություն։ Ըստ Սահմանադրության 148-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Միևնույն ժամանակ սահմանադրագետները նշում են, որ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածը փոխվում է Ազգային ժողովի քվեարկությամբ, ոչ թե հանրաքվեով։

