«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է ընտրական ցուցակը
Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրությունների մասնակցելու է Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, ով ցուցակի առաջին համարում է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում հայտնել է կուսակցության խորհրդի անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Կուսակցության պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել փետրվարի 12-ին, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց, որ վարչապետի թեկնածուն կլինի Սամվել Կարապետյանը։ Կուսակցության ղեկավարները վստահ են, որ ընտրություններից հետո, երբ «Ուժեղ Հայաստանը» մեծամասնություն կազմի, հնարավոր կլինի փոփոխել Սահմանադրության համապատասխան հոդվածը, ինչը թույլ կտա Կարապետյանին դառնալ վարչապետ։
«Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամվել Կարապետյանը, իսկ ցուցակի առաջին համարում Նարեկ Կարապետյանն է՝ անցումային համակարգողի կարգավիճակով, — նշել է Մելոյանը։
Նա հավելել է, որ կուսակցությունը հանդես է գալիս թափանցիկ, ազնիվ և պրոֆեսիոնալ թիմով և հիշեցրել է իրենց տնտեսական նախաձեռնությունները՝ 300․000 նոր աշխատատեղ, փոքր բիզնեսի համար 0% հարկ, 20% էժան դեղորայք բոլորի համար, բերքի երաշխավորված մթերում գյուղերում և 20․000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

