Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
Եվրոպական միության խորհուրդը Հայաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավար է նշանակել ֆինն ոստիկան Սատու Կոյվուին։ Նա պաշտոնը կստանձնի փետրվարի 20-ից՝ փոխարինելով գործող ղեկավար Մարկուս Ռիտերին։
Նոր ղեկավարի նշանակման որոշումը փետրվարի 17-ին ընդունվել է ԵՄ Քաղաքական և անվտանգության կոմիտեի կողմից։
Սատու Կոյվուն ունի ավելի քան 35 տարվա ազգային և միջազգային փորձ։ Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ի և ԵՄ առաքելություններում՝ Պաղեստինյան տարածքներում, Ռուանդայում, Նամիբիայում և Կիպրոսում։ Մինչ այս նշանակումը աշխատել է Ֆինլանդիայի ազգային ոստիկանության վարչությունում՝ որպես մարդկային ռեսուրսների ղեկավար:
ԵՄ դիտորդական առաքելություն Հայաստանում իրականացնում է դիտարկում և զեկուցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի հայկական հատվածում առկա իրավիճակի վերաբերյալ։ Առաքելության մանդատը նախատեսված է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Առաքելության կազմում ներգրավված է ավելի քան 200 աշխատակից՝ միջազգային և տեղական մասնագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություն և Կանադան։

