Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով
«Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով։ Նիստը նախագահող դատավորը մասնակիորեն բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը, որով պահանջվում էր կալանքը երկարաձգել երեք ամսով։
Հանրային մեղադրող Հայկ Հովաննիսյանը նշել է, որ գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում, և, ըստ մեղադրող կողմի, Գալստանյանը կարող է խոչընդոտել վարույթի ընթացքին։ Միջնորդությունը դահլիճում դիմավորվել է «ազատություն» վանկարկումներով։
Պաշտպանական կողմը հայտարարել է, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է և գործը պետք է կարճվի։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական նիստում հայտնել է, որ չի ընդունելու այլընտրանքային խափանման միջոցներ՝ ներառյալ տնային կալանքը, գրավը կամ էլեկտրոնային հսկողությունը։
Չեմ ընդունելու նաև գրավ․ դրա բացարձակ անհրաժեշտությունը չկա։ Չեմ ընդունելու էլեկտրոնային սարքը՝ այդ «դնչկալը», ոտնակապը։ Երկրից բացակայելու արգելքն է ամենավիրավորականը։ Միակ տարբերակն այստեղից գնալն է, սակայն սա էլ ազատություն չէ, այլ պայմանների փոփոխություն,– ասել է նա։
Հիշեցնենք, որ նա կալանավորվել է 2025 թվականի հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Քննչական մարմնի հաղորդմամբ՝ «Սրբազան պայքար» շարժման շրջանակում նախապատրաստվել են ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Ավելի վաղ՝ օգոստոսի 21-ին նրա կալանքը երկարաձգվել էր երեք ամսով, իսկ նոյեմբերի 13-ին՝ ևս երեք ամսով։

