Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոնում ունեցել են ոչ պաշտոնական հանդիպում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցում է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Այն ստեղծվել է 2026 թվականի հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու նպատակով։ Հունվարի 22-ին Թրամփը Շվեյցարիայում ստորագրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Այդ հանդիպմանը նույնպես մասնակցում էին նաև Փաշինյանը և Ալիևը։
Նախորդ անգամ Փաշինյանն ԱՄՆ էր մեկնել 2025 թվականի օգոստոսին, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր՝ «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի շրջանակում, որի նպատակն է Սյունիքի միջով ստեղծել ռազմավարական տարանցիկ ճանապարհ և Ադրբեջանին առևտրային հասանելիություն ապահովել դեպի Նախիջևան։
Այդ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները՝ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, ստորագրեցին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

